National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.06.2018
Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

ապրիլյան նստաշրջանում Վեհաժողովը քննարկեց ԵԽԽՎ անկախ հետաքննչական մարմնի զեկույցը Վեհաժողովում կոռուպցիոն սխեմաների եւ սկանդալների վերաբերյալ: 219 էջից բաղկացած զեկույցը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ԵԽԽՎ-ում լոբբինգին եւ Վեհաժողովի պատգամավորներին կաշառելու Ադրբեջանի հանցավոր գործարքներին: Զեկույցում Ադրբեջանը հիշատակվում է 942 անգամ եւ զեկույցի եզրահանգումը մեկն է՝ տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում գործել է հստակ կոռուպցիոն սխեմա, որտեղ հիմնական դերը վերապահված է եղել ադրբեջանական Լանդրամատին, այսպես կոչված «խավիարային դիվանագիտությանը»: Եւ ինչպես իր վկայության մեջ նշել էր ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը, Ադրբեջանը 30 միլիոն եվրոյի կաշառք է տվել ԵԽԽՎ-ում: Մեր կառույցում Ադրբեջանի օգտին անօրինական գործունեություն ծավալած անձանց մեջ, ըստ զեկույցի, կան ինչպես նախկին, այնպես էլ գործող պատգամավորներ, որոնց պատվավոր ցուցակը գլխավորում էր ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը: Անկախ հանձնաժողովը ներկայացրել էր ԵԽԽՎ պատգամավորների մեծ ցանկ, ովքեր տարիներ շարունակ մեր Վեհաժողովը օգտագործել են Ադրբեջանի քաղաքական շահը սպասարկելու եւ այդ երկրում տեղի ունեցող հակադեմոկրատական գործընթացները կոծկելու համար, ինչի դիմաց Լանդրամատի սեւ դրամարկղից միլիոնավոր դոլարներ են ստացել: Այնուհետեւ մեր գործընկեր Պետրա դե Սուտերի ներկայացրած զեկույցն անհերքելի համարեց անկախ հանձնաժողովի զեկույցում առկա փաստերն Ադրբեջանի մասով եւ ԵԽԽՎ բյուրոյի հետ միասին կոչ արեց ադրբեջանական Լանդրամատի առավել ակտիվ դերակատարներին անհապաղ վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը: Այս պահին իր մանդատը վայր է դրել միայն Ցեզար Պրեդան: Լանդրամատի մյուս ակտիվ դերակատարները շարունակում են համառել: Ուստի, ես կոչ եմ անում Վեհաժողովին հավատարիմ մնալ իր հռչակած «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» կարգախոսին եւ պահանջել, որ ադրբեջանական լվացքատան մանր եւ մեծ բոլոր դերակատարները վայր դնեն ԵԽԽՎ պատգամավորի մանդատը: ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, անդրադառնալով անկախ հետաքննչական մարմնի զեկույցին, հայտարարել էր, որ Պեդրո Ագրամունտն այդ զեկույցի ամենախոշոր ձուկն է: Ես կարծում եմ, որ ոչ միայն ամենախոշոր, այլ նաեւ ամենափոքր ձկները պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանզի անգամ ամենափոքր պեդոքիպրիս պրոգենետիկա ձկից կարող է աճել մեր կառույցի հեղինակությունն ապականող շնաձուկ»,-ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am